Արևային կայանների տեղադրման աճի տեմպը նվազել է. Հայկ Հարությունյան
Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր, Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ընթացիկ տարվա հուլիսի 31-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը միացված է 458 արևային ինքնավար կայան՝ 5020,3 կվտ հզորությամբ»:
Նրա տեղեկացմամբ՝ միացման ընթացքում է ևս 59 արևային կայան՝ 1523,0 կվտ հզորությամբ։
«Հուլիսին միացվել է 39 կայան՝ 513.5 կվտ հզորությամբ։ Աճի տեմպը նվազել է։ Պետք է ագրեսիվ քաղաքականություն տանել այս ուղղությամբ»,-գրել է նա:
Ավելի վաղ Հայկ Հարությունյանն այս թեմայով գրել էր. «Ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է երկրի ղեկավարության աջակցությունը։ Խնդրում եմ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, որ կոչով դիմեն հանրությանը, որպեսզի արևային վահանակներ տեղադրեն ու դառնան էներգետիկ անկախության պայքարի առաջամարտիկներ։ Կարծում եմ՝ բոլորը համակարծիք պետք է լինեն, որ արևային էներգետիկայի զարգացմանն այլընտրանք չկա Հայաստանում, ու որ սա կարևորագույն երաշխիքներից է մեր երկրի կայուն զարգացման համար»։
Հայկ Հարությունյանը նաև առաջարկել էր ստեղծել բաց բաժնետիրական ընկերություն, ինչի միջոցով հնարավոր կլինի իրականացնել առաջնեկային ծրագիր, և ամեն հայ մարդ կամ հայկական կառույց, որ կցանկանա ներդրում կատարել ոլորտում, բաժնետոմս կկարողանա գնել նոր ընկերությունում։
«Առաջին փուլում կարելի է կառուցել 5 մվտ հզորությամբ արևային կայան՝ 3-3.5 մլն դոլար ներդրմամբ։ Սրա համար առաջին հերթին անհրաժեշտ է համայնքի ներդրումը հողի տեսքով։ Դիմում եմ բոլոր համայնքապետերին՝ եթե ունեք 10 հեկտար հարթ հողատարածք, որի մոտակայքում կա 35 կվ օդային գիծ կամ ենթակայան եւ կարող եք հողի կադաստրային նշանակությունը փոխել էներգետիկի, այդ հողով դառնալ մասնակից/փայատեր նոր ծրագրում, դիմեք ինձ»,-գրել էր նա: