Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Մխիթար Ավետիսյան
«Սասնա ծռերի» անդամ Էդվարդ Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 8-ին, հրաժարվեց ցուցմունք տալ Պավլիկ Մանուկյանի՝ իր հետ կապված հայտարարության վերաբերյալ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նա հայտարարեց, որ օգտվում է դատավարական իր իրավունքից եւ չի ցանկանում ցուցմունք տալ:
Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ հայտնեց, որ այս պահին իրենք որևէ դիրքորոշում չեն ցանկանում հայտնել:
Մխիթար Ավետիսյանը, ի տարբերություն Գրիգորյանի, հայտարարեց, որ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: Նա նաև հայտնեց, որ չգիտի, թե ով է բացել բանկոմատը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ Պավլիկ Մանուկյանի, Էդվարդ Գրիգորյանի և Մխիթար Ավետիսյանի ցուցմունք տալը համարում է ավարտված:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Արմեն Բիլյանի փոխարեն պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը: Այսօր դատարանում նա ևս մեկ անգամ պնդեց իր այդ հայտարարությունը:
Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը: