2018թ. առաջին կիսամյակում 68.5 մլրդ դրամ հարկ է հավաքվել. վարչապետի խորհրդական
«Ներառող տնտեսություն կառուցելու ճանապարհին․ պաշտոնական տվյալներն ու կառավարության քայլերը» թեմայով քննարկմանն վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Կառավարության գործունեության քայլերը բերում են նախադրյալներ, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունը կլինի ավելի մեծ տեմպերով:
Արդարության համար նշեմ, որ կառավարության գործունեությունն իր ազդեցությունն ունեցել է վերջին երկու ամիսների տնտեսական ցուցանիշների վրա:
Կարևոր ցուցանիշն այս ընթացքում այն է, որ բյուջետային մուտքերն են ավելացել և դրա հիմնական մասը հենց վերջին երկու ամսվա հարկային վարչարարության և ստվերի կրճատման հաշվին է:
Համոզված ենք, որ արդեն 2-րդ կիսամյակի ընթացքում բյուջետային մուտքերի աճն ավելի մեծ տեմպերով կլինի, ինչը նաև հնարավորություն կտա նաև տնտեսության մեջ էական բարեփոխումներ իրականացնել»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը:
Վարչապետի խորհրդականի տեղեկացմամբ՝ 2018 թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած ավելի քան 68.5 մլրդ դրամ ավել հարկ է հավաքվել։
Այս տարվա հունիսին աճել են տասը ամենախոշոր հարկատուների վճարած հարկերը՝ կազմելով շուրջ 119 մլրդ դրամ։ Իսկ ընդհանրապես հունիս ամսին 150 մլրդ դրամի հարկ է հավաքվել, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ամսին բյուջե մուտքագրվել է 94 մլրդ դրամի հարկ:
Իսկ ընդհանրապես, ՀՀ տնտեսության ակտիվության ցուցանիշը 2018թ. առաջին կիսամյակում, ըստ ԱՎԾ-ի տվյալների, կազմել է 8․9%։ Այս տարվա հունիսին նույն ցուցանիշը կազմել է 96%»: