Հյուսիսային պողոտայում տղամարդը խաբեությամբ հափշտակել է քաղաքացու համակարգիչը (տեսանյութ)
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու խաբեությամբ համակարգիչ հափշտակելու դեպքի հանգամանքները:
2018թ. հունիսի 18-ին քաղաքացուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ պայմանավորվածություն է ձեռք բերել որպես գնորդ ներկայացած անձի հետ՝ իր «Մսի 62 մ7 ՌԴ» տեսակի համակարգիչը վաճառելու հարցի շուրջ։ Հունիսի 15-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկում համակարգիչը վերցրել է մի տղամարդ, ով խոստացել է գումարը քիչ անց վճարել, սակայն չի վճարել և փախուստի է դիմել՝տանելով իր հետ համակարգիչը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի տղամարդ խանութից վերցնում համակարգչի պայուսակը և հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում: