Սևանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
Փրկարարները վերսկսել են օգոստոսի 3-ին Սևանա լճում կորած 43-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Օգոստոսի 3-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում 4 հոգի Սևանա լճի ափից ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին (ծնված՝ 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված՝ 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված՝ 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված՝ 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված՝ 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: