Վայոց ձորի մարզում մինչ օրս անհայտ մեծ քանակությամբ ամրոցներ են արձանագրվել (տեսանյութ)
Վայոց ձորի մարզում Եղեգնաձորի արշավախմբերի շնորհիվ մինչ օրս անհայտ մեծ քանակությամբ ամրոցներ են արձանագրվել, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Ք.ա 2-րդ հազարամյակի վերջին և առաջին հազարամյակի առաջին կեսի մասին: Այս մասին օգոստոսի 6 -ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
«Այդ հուշարձանների մի զգալի մասն ունի Վանի թագավորության շրջանի շերտեր: Մասնավորապես, արքաների կողմից կառուցած ամրոցների, բնակատեղիների մասին նոր պատկերացումներ ենք ունենում: Սրանք նոր փաստագրումներ են»,- նշեց Պավել Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ այս տարի նախատեսվում է նաև ուսումնասիրել ժայռափոր, ժայռակերտ կառույցներ, որոնց մեծ մասը նույնպես վերաբերում է Վանի թագավարության շրջանին:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը հայտնեց, որ Վայոց ձորը հնագիտական տեսանկյունից բավական հետաքրքիր տարածք է:
Ըստ նրա՝ այստեղ գրեթե բոլոր ժամանակաշրջաններն արտացոլված են:
Մանրամասները՝ տեսանյութում