Գողթ գյուղի քարաթափման հետևանքով Գեղարդի վանք տանող հատվածը դեռևս փակ է
Օգոստոսի 5-ին, ժամը 09:45-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ «Նյուտեխշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներ, իսկ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից՝ ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ժամը 09:30-ից 20:59-ը հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տարածքում իրականացրել է հերթապահություն և օժանդակել պայթեցման աշխատանքներին:
Ժամը 20:10-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Պարզվել է, որ Գողթ գյուղ-Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով և մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ