«Մարդկանց չեմպիոն» մրցանակի դափնեկիրը Սերժ Թանկյանն է
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) արևմտյան վարչությունը հայտարարել է, որ ամերիկահայ երաժիշտ, քաղաքական ակտիվիստ, System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հոկտեմբերի 7-ի կարժանանա կառույցի «People’s Champion (Մարդկանց չեմպիոն)» մրցանակին:
«Հաշվի առնելով Սերժ Թանկյանի ջանքերը, ինչպես նաև Հայաստանում Թավշյա հեղափոխության ընթացքում մարդկանց ոգևորելու նրա գործունեությունը՝ մենք հավատում ենք, որ երաժիշտն իսկապես արժանի է դառնալու ANCA-ի « People’s Champion»,- ասել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի արևմտյան վարչության նախագահ Նորա Հովսեփյանը:
Այս մասին տեղեկանալով՝ Սերժ Թանկյանը հայտնել է իր երախտագիտությունը՝ նշելով. «Ինձ համար մեծ պատիվ է դառնալու ANCA-ի «People’s Champion» մրցանակի դափնեկիր լինելը: Ես այս կառույցի հետ տարիներ շարունակ աշխատել եմ՝ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման, և նրանց աշխատանքը համարում եմ ադյունավետ ու հաջողված: Մենք երկար ճանապարհ ենք անցել, ու ես լիովին հպարտ եմ մեր ձեռքբերումներով»: