Լավրովի աշխատանքային օրակարգում Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում նախատեսված չէ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային օրակարգում մոտ ժամանակներս Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին, հայտնում է ТАСС-ը:
«Ռուսաստանի արտգործնախարարի օրակարգում նման հանդիպում չկա: Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է Զախարովան: Նա հավելել է, որ «Հայաստանի ԱԳՆ-ի հետ պահպանվում են սերտ շփումներ տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու։