Մենք շատ քիչ ենք օգտագործում ԵՏՄ հնարավորությունները. Վազգեն Սաֆարյան
Հայաստանը շատ քիչ է օգտագործում ԵՏՄ հնարավորությունները։ Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
«Քաղաքականությունը տնտեսության ածանցյալն է։ Եթե պետությունը ունի հզոր տնտեսություն, կարող է վարել ավելի հզոր արտաքին քաղաքականություն։ Ուստի մենք պետք է փորձենք մեր տնտեսությունը դարձնել տեղական հումքի վրա հիմնված»,–նշեց նա։
Փորձագետը նաև կարևորեց արտաքին տնտեսական կապերը, «որովհետև մեր տնտեսությունը՝ հատկապես մեքենայաշինությունը, սարքաշինություն ու քիմիական արդյունաբերությունը ժամանակին սերտ ինտեգրված են եղել ՌԴ–ի և ԱՊՀ երկրների հետ»։
Նրա համոզմամբ՝ պետք է հնարավորինս օգտվել ԵՏՄ–ի հնարավորություններից. «Մենք շատ քիչ ենք օգտագործում ԵՏՄ հնարավորությունները։ Մասնավորապես, ԵՏՄ–ն բազմիցս հայտարարել է, որ պետք է միասնական արդյունաբերական քաղաքականություն վարել, բայց հանդիպում ենք դեպքերի, երբ հայկական արտադրանքը ՌԴ–ում պետք է վերագրանցվի։ Սրանք բարդություններ են, որոնք չեն համապատասխանում ԵՏՄ գաղափարախոսությանը։