Հայաստանում բիզնես միջավայրն իրապես ազատ է. Արարատ Միրզոյան
Վստահ եղեք, որ Հայաստանում ներդրումներ լինելու են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին լրագրողներին հավաստիացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով մեծածավալ ներդրումների մասին իր խոստումներին։
«Ակտիվ աշխատանք է տարվում։ Սակայն, բացմամիլիոնանոց ծրագրերն ու ներդրումները մի քանի օրում և ինչու ոչ՝ նաև 2 ամսում չի, որ լինում են, ուստի պետք է սպասենք»,–նշեց նա։
Առաջին փոխվարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում բիզնես միջավայրն իրապես ազատ է, նոր իրողությունների պայմաններում լայն հնարավորություններ են բացվում ներդրումների համար:
«Ավանդաբար ընդունված է եղել ասել, որ այլ երկրների գործարարները հետաքրքրված չեն Հայաստանում ներդրումներով, ինչն առաջին հերթին պայմանավորված է եղել ոչ թափանցիկ, ոչ մրցակցային միջավայրով: Դա նաև պայմանավորված է եղել ոչ անկախ դատարաններով: Խնդիր է եղել նաև կապված իշխանության ներկայացուցիչների անձնական բիզնես շահերի հետ, ինչը հսկայական խոչընդոտ է առաջացրել ազատ մրցակցության համար: Ես այսօր պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ անկախ դատարանների, ոչ մրցակցային շուկայի խնդիրը մեկ օրում լուծված է»–նշել է նա։