Քոչարյանի և Խաչատուրովի դեմ հարուցված քրգործերը կարող են հայ-ռուսական հարաբերություններում հանգեցնել լուրջ հետևանքների. Վլադիմիր Եվսեև
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, համաձայն որի Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում իրադարձությունների առնչությամբ, տարբեր քննարկումներ են առաջացրել Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական համայնքներում, գրում է rusarminfo.ru-ն:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործերը հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման, Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի փոփոխության և ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ խաղաղապահների մասնակցության հարցերի հանրային քննարկումների ֆոնին կարող են հայ-ռուսական հարաբերություններում հանգեցնել լուրջ հետևանքների:
«Ստացվում է, որ երբ խնդիր է առաջանում՝ Ռուսաստանն օգնում է, այդ թվում և գրեթե անվճար զենքի մատակարարումներով:
Ստացվում է, որ Ռուսաստանն օգնում է, իսկ դուք ասում եք՝ «մեզ օգնեք, բայց մենք մեզ կպահենք այնպես, ինչպես անհրաժեշտ ենք համարում կոմպլեմենտարության քաղաքականության շրջանակներում»: Դա դաշնակցային հարաբերություն չէ»,- ասել է Վլադիմիր Եվսեևը լրատվամիջոցի հետ զրույցում:
Ռուս փորձագետի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանում լուրջ թերըմբռնում են առաջացնում, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերը ստվեր են գցում եվրասիական տնտեսական միավորումների, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի գործունեության վրա: