Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը:
Ըստ այդմ, հանրապետության 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին այս տարվա հունվար-հունիսին պետական բյուջե են վճարել 446.6 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 378.5 մլրդ դրամի դիմաց (աճը կազմել է 18 տոկոս): Խոշոր հարկ վճարողներին առաջին կիսամյակում բաժին է ընկել ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 74 տոկոսը:
100 խոշոր հարկատուների ցանկը առաջին կիսամյակի տվյալներով գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է 24.6 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր. այն 2.5 անգամ ավելի շատ է նախորդ տարվա ցուցանիշից:
Երկրորդ տեղում է հայտնվել «Գազպրոմ Արմենիան», որը վերջին տարիներին գլխավորում էր ցանկը: Այս ընկերությունը պետբյուջե է վճարել 20.7 մլրդ դրամ, որը 3.7 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Ցանկի երրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակոն» է՝ 16.7 մլրդ դրամի հարկերով։ 4-րդ տեղը գրավել է «Գեոպրոմայնինգ Գոլդը» (8.9 մլրդ դրամ) իսկ 5-յակը եզրափակում է CPS-ը (8.17 մլրդ դրամ):
1000 խոշոր հարկ վճարողների 6-րդ հորիզոնականում հայտնվել է «Ֆիլիպ Մորիս Արմենիան» (8.15 մլրդ դրամ): Այս ընկերությունը 3 մլրդ դրամով ավելացրել է հարկերը:
7-րդ հորիզոնականում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը, որը բյուջե է վճարել 7.7 մլրդ դրամի հարկ, ինչը 3.6 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Նկատենք, որ «Ալեքս Հոլդինգը» եղել է ցանկի 5-րդ հորիզոնականում:
Ցանկի հաջորդ 8-10 հորիզոնականներում հայտնվել են հետեւյալ ընկերությունները. JTI Armenia ընկերությունը (7.08 մլրդ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (6.5 մլրդ դրամ) եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» (5.8 մլրդ դրամ):
Խոշոր հարկատուների ցանկում ներկայացված է նաեւ վճարված հարցերը ըստ առանձին հարկատեսակների: Ըստ այդմ, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ 40 տոկոսը ավելացված արժեքի հարկն է, 34.7 տոկոսը՝ ակցիզային հարկը, 20.7 տոկոսը՝ շահութահարկը, 16.9 տոկոսը՝ եկամտային հարկը։