ՀՀԿ-ական պատգամավորի որդին կասկածվում է, վեճի ու ծեծկռտուքի մասնակից լինելու մեջ
Երևանում հուլիսի 30-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 34-ամյա Արտակ Վ.-ից, ով հայտնել է, որ Կիևյան փողոցի 1-ին նրբանցում իր հետ վիճաբանել է մի քաղաքացի, ով ձեռքերով ու ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ դրանից հետո այդ քաղաքացին դիտավորյալ կոտրել և վնասել է իր վարած Opel մակնիշի 35 ՏC 656 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիներն ու դուռը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ Արտակ Վ.-ի հայտնած անձը Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդին է՝ 23-ամյա Ասքանազ Վարդապետյանը։
Ոստիկանների ձեռնարկած գործողությունների շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաապրանքագիտական փորձաքննություններ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Արտակ Վ.-ն ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։