Վարչապետին կից հանձնաժողովն ունի դիրքորոշում, ըստ որի՝ պետք է լայնանա համայնքների ցանկը. Դանիել Իոաննիսյան
Մենք պատրաստվում ենք Ընտրական օրենսգրքի ՏԻՄ-ի բաժնում փոխել օրենքների միջև հակասությունները, որոնք բազմաթիվ են: Ընտրական օրենսգրքի ՏԻՄ-ին վերաբերող փոփոխություններին վերաբերող հանրային քննարկմանը նման հայտարարություն արեց Վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
«Վերջին երկու շաբաթը եկան վկայելու, որ ակնհայտ հակասություններ կան «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի միջև»,- նկատեց նա՝ նշելով, որ իրենք ուղղակի վերացնելու են հակասությունները:
Դանիել Իոաննիսյանը նշեց նաև, որ վարչապետին կից հանձնաժողովն ունի դիրքորոշում, ըստ որի՝ պետք է լայնանա համայնքների ցանկը, որոնք ունենալու են ավագանու, ոչ թե ավագանու անդամի ընտրություններ, այնպիսի ընտրակարգ, որը գործում է Գյումրիի, Վանաձորի և Երևանի դեպքում:
«Ենթադրում եմ, որ 10 000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում նման ընտրակարգ կսահմանվի: Բացի այդ, հանձնաժողովում բավականին կոնսենսուսային պատկերացում կա այն մասին, որ 70 000 բնակչություն ունեցող համայնքներում արժե ավելացնել ավագանու անդամների թիվը: Այստեղ թվերի վերաբերյալ ոչ մի որոշում չկա, բայց նման բան անելու կոնսենսուսային պատկերացում կա»,- ասաց նա:
Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշմանը, ըստ որի՝ այս փուլում պետք է զերծ մնալ ԸՕ-ում ՏԻՄ համակարգում փոփոխություններ անելուց. «Ընտրական օրենսգիրքը պատրաստող վարչապետին կից հանձնաժողովի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումները իմպերատիվ բնույթ չունեն: Հանձնաժողովն է որոշողը, իհարկե, գործադիրը դեռ պետք է հավանության արժանացնի, խորհրդարանը քվեարկի, բայց, այդուհանդերձ, հանձնաժողովն է որոշելու՝ ինչը փոխել, ինչը չփոխել»:
Նա ներկայացրեց իր անձնական կարծիքը՝ հեղափոխությունից հետո չպետք է վախենալ հեղափոխական փոփոխություններից:
«Բայց դա չի նշանակում, որ պետք է ափալ-թափալ որոշումներ կայացնել: Պետք է մտածված գործողություններ անել, և եթե կարիքը կա, որ կոնկրետ փոփոխությունը կամ որոշումն ուժի մեջ մտնի ավելի ուշ, ապա կարելի է դա ամրագրել: Ոչինչ չի խանգարում, որ դա ամրագրվի, ենթադրենք, ԸՕ-ի անցումային դրույթների մեջ»,- ասաց նա: