Խաչատուրովը ՀԱՊԿ-ին չի խնդրել օգնել Հայաստանում մեղադրանքների հետ կապված իրավիճակի հարցում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում մեղադրում են սահմանադրական կարգի տապալման մեջ, կազմակերպությանը չի դիմել այս իրավիճակի կարգավորման հարցում որեւէ աջակցություն ցույց տալու խնդրանքով, «Риа новости»-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Սեմերիկովն ասել է, որ Խաչատուրովի հետ շփվում է ծառայողական հարցերով: «Մենք նրա հետ խոսում ենք նաեւ այդ հարցով: Նա որպես վկա անցել է բոլոր ընթացակարգերով»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ի պատասխան հարցին՝ Խաչատուրովը չի՞ խնդրել ստեղծված իրավիճակում աջակցելու մասին, Սեմերիկովը շեշտել է. «Նման ուղերձներ բացարձակապես չեն եղել»:
Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է ներկայացրել 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ակցիաները ցրելու քրեական գործի շրջանակում: Երեւանում դատարանը Խաչատուրովին գրավի դիմաց ազատ է արձակել: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ հայկական կողմը «գործընկերներին առաջարկել է սկսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, հիմա այս հարցի շուրջ գործընկերների հետ ինտենսիվ խորհրդակցություններ են վարվում»: