Ադլերում հրդեհի հետևանքով զոհված հայերից 2-ը ՀՀ քաղաքացի են. ՀՀ ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Ադլերում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 4 հայ, որոնցից 2-ը ՀՀ քաղաքացի են: Նա հայտնեց, որ հրդեհի հետևանքով նաև վիրավորվել է 1 հայ, ով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 30-ին՝ վաղ առավոտյան, Սոչիի ժամանակավոր կացարաններից մեկում հրդեհ էր բռնկվել, որը 8 մարդու կյանք է խլել, ևս 3 մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես արդեն հայտնել էինք, հրդեհի հետևանքով զոհվել է 3 հայ, 3-ն էլ՝ Գյումրիից: Զոհերն են 28-ամյա Նառա Բարսեղյանը, 49-ամյա Աննա Բարսեղյանը և 7-ամյա Եվա Մկրտչյանը:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ հրդեհը բռնկվել էր սննդի կետերից մեկում և տարածվել բնակելի հատվածի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ՝ այրվել է մոտ 300 քառ. մետր տարածք: