«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից կատարված ծախսերն ուռճացված են. Գևորգ Գորգիսյանը դիմել է տրանսպորտի նախարարին
ԱԺ «ԵԼՔ խմբակցության» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը շարունակում է հրապարակել տեղեկություններ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տեղի ունեցող չարաշահումների վերաբերյալ։
Մասնավորապես, Գևորգ Գորգիսյանին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից փակվել են հետևյալ կայարանները՝ Մխչյան, Արևիկ, Սոլակ, Այգեվան, Ջաջուռ, Բայանդուր, Սովետական, Արմավիր, Հաղպատ կայարանները, ապամոնտաժվել և վաճառվել են նշված կայարաններին կից երկաթուղային գծեր:
Բացի դրանից, պատգամավորին տրամադրվել են փաստաթղթեր, համաձայն որոնց՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից երկաթուղային անցումների կառուցման և վերանորոգման աշխատանքների համար կատարված ծախսերն ուռճացված են:
Ուստի պատգամավորը դիմել է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին՝ պարզելու, թե ինչ պատճառով և հիմնավորմամբ են փակվել վերոնշյալ կայարանները, ապամոնտաժվել գծերը, կատարվել նշված ծախսերը և կան արդյոք դրա համար իրավական հիմքեր: