Սևանա լճի ափին բացվեց Կովկասում առաջին ներառական առագաստանավային կենտրոնը
Առագաստային սպորտ, թիավարում, ֆրիդայվինգ, ներառական զբոսանավային շրջագայություն և ջրային այլ տեսակ սպորտաձևերն այսուհետ հասանելի են նաև ՀՀ-ի սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիներին:
Սևանա լճի ափին բացվեց Կովկասում առաջին ներառական առագաստանավային կենտրոնը, որը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, Armenian Camp-ի տարածքում: Նախագիծն իրականություն է դարձել Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի շնորհիվ՝ «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առևտրային կազմակերպության (Ռուսաստան) հետ համատեղ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ:
Կենտրոնն ապահովված է դեպի ջուրը տանող հատուկ ուղիներով՝ թեքահարթակներով, հարմարեցված նավամատույցով, սայլակով տեղաշարժվող անձանց լողալու համար հարմարեցված լողասայլակներով, ինչպես նաև հատուկ շեզլոնգներով ու հանդերձարանով։