Մեզ մնում է պարզել՝ Բերիան ով է. Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ անձնական պատվեր տվողի մասին (տեսանյութ)
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ տեղի ունեցածը անձնական հաշվեհարդար է: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Լրագրողների այն հարցին, թե ո՞ւմ կողմից է անձնական հաշվեհարդար իրականացվում, Սողոմոնյանը պատասխանեց. «Մենք չենք քննարկում իրադարձություններ, որոնք 100-200 տարի առաջ են տեղի ունեցել: Մենք լավ հիշում ենք՝ ինչ է տեղի ունեցել: Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրություններում պարտվել է, փորձել է ներքաշել ԵԿՄ-ին քաղաքական պայքարի մեջ: Հարթակից գոռում էին՝ «Ման–վել, Ման–վել», խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է, գոռում էին «Գա–գիկ, Գա–գիկ», պոսքը Գագիկ Մելքոնյանի մասին է:
Հետո կազմակերպվել են զանգվածային անկարգություններ, որոնք թավշյա, խաղաղ հեղափոխություն չէին, դրանք զանգվածային անկարգություններ էին, որոնց արդյունքում զոհվեց տասը մարդ: Հիմա, որպեսզի արդարացվի այն, ինչ արվել է ընդդիմության կողմից, պատմությունը վերաշարադրում ենք:
Ասում ենք, որ Տեր-Պետրոսյանը հաղթել էր, նրա թիմակիցները ոչ թե զանգվածային անկարգություն էին կազմակերպում, «դուբինկաներ» խլում ոստիկաններից ու ուրախանում դրանից, այլ կազմակերպում էին ժողովրդի պայքարը, իսկ գործող նախագահն էլ աբսուրդային պատճառաբանություններով ինքն իրեն տապալել է սահմանադրական կարգը:
Հիմա դուք ասեք՝ ով է անձնական հաշվեհարդար տեսնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ով է տասը տարի շարունակ կեղծիք տարածել Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, մեղավորության մասին»:
Վիկտոր Սողոմոնյանը պնդեց, որ սրանք հանրահայտ փաստեր են. «Մեզ մնում է պարզել, թե Բերիան ով է, և ես վստահեցնում եմ, որ մենք Բերիային գտնելու ենք ու այդ Բերիան պատժվելու է, սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու: Պաշտոնաթող նախագահի նկատմամբ անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու: Նախագահն ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են»,- ասաց նա: