Մի քանի ՀՀՇ-ականներ ասում են՝ դե Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտել է, բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ. Վ. Սողոմոնյան
Եթե Սահմանադրությունն ասում է, որ զորքերը կարող են օգտագործվել ռազմական դրության ժամանակ, այլ օրենք լինել չի կարող, բայց նման բան չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
«Ասում են, որ զորքի օգտագործումը նշանակում է ռազմական դրություն: Նման տեքստ որևէ տեղ չկա Սահմանադրության մեջ: Ըստ Սահմանադրության՝ արտաքին հարձակման ժամանակ մտցվում է ռազմական դրություն, որոշում է ընդունվում զորքի օգտագործման մասին, բայց չի ասվում, որ սա միակ դեպքն է»,- ասաց Արամ Օրբելյանը:
Նա նշեց, որ չկա Սահմանադրության մեջ մի հոդված, որտեղ ասվում է, որ ԶՈՒ-ն կարող է օգտագործվել միայն ռազմական դրության ժամանակ: Նրա խոսքով՝ կա հակառակը, որ ռազմական դրության ժամանակ որոշվում է օգտագործել ԶՈՒ-ն:
«Եթե գետինը թաց է, չի նշանակում, որ անձրև է եկել, բայց եթե անձրև է եկել, նշանակում է, որ գետինը թաց է:
Եթե Սահմանադրությունն ասում է, որ զորքերը կարող են օգտագործվել ռազմական դրության ժամանակ, այլ օրենք լինել չի կարող, բայց նման բան չկա»,- նշեց փաստաբանը:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է բանակը հետ պահել քաղաքական գործընթացներից, բայց ներքաշվում էր, որովհետև պաշտպանության փոխնախարարներին կանչում էին հրապարակ:
«Հանձնարարվել է բանակը հետ պահել և ՊՆ-ում դա արվել է և Ռոբերտ Քոչարյանին տեղյակ է պահվել, որ անցել են զորանոցային վիճակի»,- ասաց Սողոմոնյանը:
Փաստաբանն ասաց, որ խնդիրներն իրականացվել են ՊՆ-ի միջոցներով, «չեն եկել ասել, որ այս թուղթն են ուզում ստորագրել, եկել, ասել են, որ զորանոցային ռեժիմ եմ ուզում մտցնել»:
Նա նաև տեղեկացրեց, որ Արարատում ռազմական դրություն էր մտցվել հենց մի քանի օր առաջ: «Դուք գիտե՞ք, որ մի քանի օր առաջ Արարատում փաստացի ռազմական դրություն է մտցվել: Տեղի է ունեցել անտառային հրդեհ, որը հանգցնելու համար ներգրավվել են տեղի զինծառայողները: Փաստացի ռազմական դրություն է մտցվել, սահմանադրական կարգը տապալված է»,- ասաց Սողոմոնյանը:
Նա նշեց, որ Հայաստանում երկու անգամ է արտակարգ դրություն մտցվել՝ 1993թ. և 1996թ.:
Իսկ այն հարցին, թե պե՞տք է ներգրավվի նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Երբ ես խոսում եմ հաշվեհարդարի մասին, ես նաև նկատի ունեի այն ակնհայտ հանգամանքը, որ գործը, չգիտես ինչու, կենտրոնացել է Ռոբերտ Քոչարյանի վրա՝ կեղծ մեղադրանքներով, դրվել է հստակ նպատակ՝ հասնելու նրա կալանավորմանը: Դուք մտածում եք, որ հիմա մարտի 1-ի գործն են բացահայտո՞ւմ, ոչ: Ուղիղ հետապնդում է իրականացվում:
Չեմ կասկածում, որ այս ճանապարհը տանում է դեպի ոչ մի տեղ: Այն խնդիրը, որը դրված կարող է լինել՝ բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները, չկա, դրված չէ: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը Միքայել Հարությունյանի ու Յուրի Խաչատուրովի հետ ինչ-որ բան է արել: Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ ասում են՝ դե, Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտել է, բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ: Էդ ո՞վ էր պաշտպանության փոխնախարարներին ներքաշում, էդ ո՞վ էր ԵԿՄ-ին ներքաշում: Իսկ հիմա էդ մարդիկ ո՞ւր են: Ոչ մեկը չկա, ոչ մեկը մեղավոր չէ, արագ-արագ կալանավորում են Ռոբերտ Քոչարյանին, որ նայենք, ուրախանա՞նք»:
Ըստ նրա՝ մեղքը բարդելու համար Քոչարյանը լավ թիրախ է և նրանք, ովքեր կարող են համարվել մեղսակից, 10 տարիներին մեղքը բարդել են մի տեղ, ստեղծել են հանրության մոտ ակնկալիք, որ նա պատասխանատու է: «Սա անհեթեթություն է: Հանրությանը սպասվում են հետաքրքիր բացահայտումներ: Ես վստահ եմ, որ հանրության մի մասը հասկանալու է, որ 10 տարի իրեն մոլորեցրել են»: