Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. հրապարակվեց դատարանի որոշումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության քննությունը‚ ինչից հետո դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ: Քիչ առաջ հրապարակվեց նաև դատարանի որոշումը. Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դեռևս մանրամասներ չներկայացրեց‚ հայտնելով‚ որ նա այլևս կալանավորվածի կարգավիճակում է: Փաստաբանը նաև հայտարարեց‚ որ վաղը մամուլի ասուլիս կկազմակերպվի‚ որտեղ կպատասխանեն լրագրողների հարցերին:
Հիշեցնենք‚ որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: