Դանակահարություն Սևանա լճի ափին
Հուլիսի 25-ին՝ ժամը 12։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ մասի և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1996 թ. ծնված Միքայել Ա.-ն և «ձախ թիակի կտրած-ծակած, չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Հայկ Ա.-ն:
Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են թերակղզու տարածքում լողալիս ինչ-որ առարկայի դիպչելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 25-ին` ժամը 13:30-ին, բաժին է ներկայացել 42-ամյա Ալիկ Ե.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը կեսօրին մոտ Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտում գտնվող իր տնակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր ծալովի դանակով Միքայել Ա.-ին և Հայկ Ա.-ին նշված մարմնական վնասվածքները պատճառել է ինքը:
Հանցագործության գործիք դանակը ներկայացվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: