ՀՀ–ում այլևս ոչ մեկ չի կարող «փայ մտնել», «նալոգ» դնել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում տնտեսական գործունեության համար նախկինում առկա խոչընդոտները վերացված են: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց հրավիրելով Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու։
«Այս խոչընդոտների մեջ ամենակարևորներից մեկը եղել է և տեղ–տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած, ընդհանուր առմամբ, Հայաստանում կոռուպցիա չկա, դրանք «հետցնցումներն» են, մնացորդային երևույթներ են»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է. «Հայաստանում գիտեք, որ ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, և այդ պայքարը շարունակվելու է։ Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարն առնչվում է որոշակի ընկերությունների և մեզ համար շատ կարևոր է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չընկալվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի»։
Վարչապետը նշել է, որ կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը. «Ներդրումների անվտանգություն ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որևէ մարմին չի կարող այդ ներդրումը «ջարդել», փոշիացնել, այլ նաև նկատի ունենք, որ որևէ մեկը չի կարող «փայ մտնել», «նալոգ» դնել և այս կարգի այլ երևույթներ»։
Նա հավելել է, որ ՀՀ կառավարության շահագրգռվածությունն ունի 2 պատճառ. «Առաջինը, որ մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի աշխատատեղեր, երկրորդը՝ աճեն պետական եկամուտները»։