Դատարանն ամբողջությամբ բավարարել է Գագիկ Համբարյանի հայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի
Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը, դատարանի որոշմամբ, վերականգնեց իր աշխատանքային իրավունքը:
Հուլիսի 26-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարեց Գագիկ Լևոնի Համբարյանի հայցն ընդդեմ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան համալսարանի ռեկտորի 15.03.2018թ. թիվ 52 հրամանը անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին հայցը:
Նիստը նախագահող դատավոր Հովհաննես Ղազարյանը, ներկայացնելով դատական վճիռը, նշեց, որ վերականգնվում է դասախոս Համբարյանի աշխատանքային իրավունքը, համալսարան հիմնադրամից հօգուտ Համբարյանի բռանգաձվում է հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը ՝ ամսական միջինը 194 հազար դրամ հաշվարկով: Վճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամանակահատվածում:
Վճռի հրապարակմանը պատասխանող կողմի ներկայացուցիչ դատարանի դահլիճում չկար:
Գագիկ Համբարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, փաստեց՝ շտապելու է աշխատանքի: «Ես 5 տարի սովորել եմ այդ բուհում, 15 տարի դասավանդել եմ նույն բուհում և մինչ այս ոչ մեկը չի դժգոհել իմ գիտամանկավարժական և գիտամեթոդական գործունեությունից: Ինձ սիրում են նաև ուսանողները: Այս որոշումը, որ կայացվեց, բուհի գիտական խորհրդի խայտառակ պատկերն է՝ դասախոսի հասարակական գործունեությունը չի կարող հիմք հանդիսանալ նրա գիտամանկավարժական որակի համար»,- նշեց դասախոսը:
Մի քանի օրից կմեկնարկի այս անգամ բուհի մեկ այլ դասախոսի՝ Հովհաննես Խորիկյանի ներկայացրած նմանատիպ հայցի քննությունը:
Հիշեցնենք‚ որ համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի և դասախոսական կազմի հարաբերությունների վատանալուց հետո Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակի հրապարակումից ժամեր անց փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին ռեկտորն աշխատանքից ազատել էր: