Օֆշորները չարիք են դարձել. ՊԵԿ նախագահը՝ Միհրան Պողոսյանի ընկերությունների քննության մասին
«Ցավոք սրտի մեր պատմության ընթացքում օֆշորներում գրանցված կազմակերպությունները չարիք են դարձել հարկահավաքության գործընթացներում»,- այսօր՝ հուլիսի 26-ին լրագրողների զրույցում նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության պատգամվոր, ԴԱՀԿ ծառայությունը ութ տարի ղեկավարած Միհրան Պողոսյանի բիզնեսիների նկատմամբ վերսկսված քննչական գործողություններին։
ՊԵԿ նախագահը հայտնեց՝ ստուգումներ ենք անկացնում լայն թափով, սակայն հավելյալ տեղեկություններ հայտնել չի կարող. «Միհրան Պողոսյանի բիզնեսների հետ կապված որոշակի քննչական գործողություններ են կատարվել նախկինում, կասեցվել են եւ հիմա վերաբացվել են որոշակի նպատակադրումների կամ հաշվարկների հիման վրա։ Քանի որ քննչական գործողություններ են ընթանում, չեմ կարող այլ տեղեկություն տրամադրել»։
Հարցին՝ բավարարում է իրեն, որ մարդիկ պատճառված վնասը վերադարձնում են եւ պատասխանատվության չեն ենթարկվում, նա նշեց. «Ինձ՝ որպես տնտեսագետի բավարարում է, որովհետեւ ես չէր ուզի, որ մենք բոլոր բիզնեսմեններին տեսնեինք ճաղերի ետեւում, իսկ պատճառված վնասի վերադարձումն արդեն իսկ պատժամիջոց է»։
Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում վերսկսվել է «Քեթրին Գրուպի» ու նրա հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններին առնչվող քրեական գործի վարույթը: Այդ ընկերությունները, որոնց հիմնադիրը ՀՀԿ պատգամվոր, ԴԱՀԿ ծառայությունը նախկին պետ Միհրան Պողոսյանն է, կասկածվում են հարկերը թաքցնելու մեջ: