Բացառված է որ որևէ մեկը որևէ տեղ ընտրակաշառք բաժանի ու դա եռակի, քառակի համայնքից հետ չգնա. Փաշինյան
Առաջիկայում մի քանի համայնքներում ընտրություններ են նշանակված, և ես ընտրողներին կոչ եմ անում ընտրություններին նայել համայնքային կառավարման արդյունավետության շահերի տեսակետից:
Նա նկատեց, որ սկզբում ընտրակաշառքներ են բաժանվում, հետո այդ գումարները հետ են բերում. «Ընդ որում, հետ են բերվում էնպես, որ շատ դեպքերում չեն էլ նկատում համայնքի ժողովուրդը»:
Փաշինյանը նկատեց, որ բացառված է որ որևէ մեկը որևէ մի տեղ ընտրակաշառք բաժանի ու այդ ընտրակաշառքը արդյունք ունենա ու եռակի, քառակի համայնքից հետ չգնա. «Բացառված է, չի կարող լինել, դա հաղորդակից անոթների տրամաբանությամբ գործող մեխանիզմ է ու ես էլի մեր սիրելի հայրենակիցներին կոչ եմ անում, որ ընտրությունների ժամանակ հարցին մոտենան այս տրամաբանությամբ», - ասաց նա:
Վարչապետին արձագանքեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով նշեց, թե առաջարկություն է ուզում ներկայացնել:
«Այդ նույն բնույթի գործերի քննության ընթացքում պարզվում են, որ երբեմն ծրագրերում պատասխանատուների շրջանակը, պատասխանատուների պարտավորությունների շրջանակները հստակ չեն և ի՞նչ ենք ունենում ուսումնասիրությունների արդյունքում, առկա է վնաս, բայց էդ վնասի հատուցման պատասխանատուն հստակ չէ», - ասաց նա:
Արթուր Դավթյանի խոսքով, որպես կանոն, այդ քրեական գործերի արդյունքներով միջնորդագրերով դիմում են պատկան մարմիններին, որպեսզի կարգավորումներում հստակեցվեն չափանիշները, որ հետագայում յուրաքանչյուրն իմանա, թե ինքն ինչի համար է հստակ պատասխանատու:
«Առաջարկում եմ նմանատիպ ծրագրեր մշակելուց իրավապահ մարմիններից պարզել, թե նման բնութի ծրագրերի իրականացման հետ կապված վարույթներ իրականացվել են, թե չեն իրականացվել, ու քննության ընթացքում պարզվե՞լ են արդյոք չափանիշների թերի կարգավորումներ, որոնք խոչընդոտ են հանդիսացել պատասխանատվության համար», - ասաց ՀՀ գլխավոր դատախազը: