Փոքր և միջին բիզնես իրականացնող և հարկ վճարողների մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում. Դավիթ Անանյան
Փոքր և միջին բիզնես իրականացնող և հարկ վճարողների մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Եթե նախկինում կոշտ վարչարարություն է իրականացվել և իրենց կարծիքով (փոքր և միջին բիզնես իրականացնողների-Tert.am), իրենց նկատմամբ սխալ վարչարարություն է իրականացվել, մենք մամլո տեղեկատվությամբ տվել ենք հեռախոսահամարներ, որտեղ քաղաքացիները կարող են դիմել: Բոլորի հարցերը կքննարկենք»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք որոշել են բողոքել, «բունտեր» անել ՊԵԿ-ի կոշտ վարչարարության դեմ, Դավիթ Անանյանը պատասխանեց․ «Մենք բունտերից չենք վախենում: Բայց բունտերով չպետք է շարժվենք, մենք պետք է շարժվենք օրենքի տառը պահպանելով:
Եթե օրենսդրությունը լավը չէ, պետք է փոխենք: Դրա համար կառավարությունում հայտարարվեց, որ սեպտեմբերին օրենսդրական փոփոխությունների փաթեթով կգնանք Ազգային ժողով: Մինչև սեպտեմբերի փաթեթը կյանքի կկոչենք, մենք՝ որպես վարչարարություն իրականացնող մարմին, պարտավոր ենք կիրառել օրենքի տառը»,- ասաց նա: