«Ինչո՞ւ են Հայաստանի տաքսիներն ավելի լավը». Նյու Յորքում բնակվող բլոգերը հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանի մասին (տեսանյութ)
Նյու Յորքում բնակվող բլոգեր Նուսեիր Յասինը, որը ճամփորդում է տարբեր երկրներով ու ամեն այցելության վերաբերյալ մեկ րոպեանոց ուշագրավ տեսաանդրադարձներ հրապարակում իր ֆեյսբուքյան էջում, հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանի մասին:
Այս անգամ երիտասարդը տեսանյութ է արել Հայաստանի տաքսիների մասին՝ զարմանքով պատմելով, որ դրանց 90%-ն աշխատում է ոչ թե բենզինով կամ դիզելով, այլ գազով:
«Ինչո՞ւ են Հայաստանի տաքսիներն ավելի լավը» վերնագրով կարճ տեսանյութում Յասինին շատ է ուրախացնում այդ փաստը, որ վարորդները նախապատվություն են տալիս գազին, քանի որ այն, ի տարբերություն հեղուկ վառելիքի, ավելի էժան է ու ավելի քիչ քանակությամբ վնասակար նյութեր է արտանետում շրջակա միջավայր:
«Տաքսին, որ տեսնում եք իմ հետևում, աշխարհում ամենահետաքրքիր տաքսիներից է: Չնայած, որ այն հին է ու մաշված, այն շատ ավելի քիչ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, քան դուք կպատկերացնեք:
Վարորդների 90%-ը դիզելից անցում է արել գազին: Արդյունքում վարորդը խնայում է գումար, հաճախորդը խնայում է գումար, շրջակա միջավայրին ավելի քիչ վնաս է հասցվում: Պատկերացրեք, եթե ավելի շատ երկրներ տաքսիների նման համակարգ ունենային»,-նշել է բլոգերը: