Լրագրողների հանդեպ բռնությունները գրեթե դադարել են Ս. Սարգսյանի հրաժարականի օրը. ԽԱՊԿ զեկույց
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2018թ. երկրորդ եռամսյակային զեկույցը:
2018 թ. երկրորդ եռամսյակը Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը ներառող ժամանակահատված էր։ Ինչպես վկայում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի բազմամյա դիտարկումները, երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ցանկացած սրացում զուգորդվում է լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ հարձակումների և տարատեսակ ճնշումների ավելացմամբ։ Այս առումով բացառություն չէին նաև թավշյա հեղափոխության իրադարձությունները։
Զանգվածային բողոքի ցույցերի և դրանց հակազդմանն ուղղված ոստիկանական գործողությունների ընթացքում՝ ապրիլի 11-ից 23-ը, ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որոնցում տուժել են տարբեր ԶԼՄ-ների 22 աշխատակիցներ, և տարատեսակ ճնշումների 8 միջադեպ։
Ինչպես 2015թ. «Էլեկտրիկ Երևանի», 2016թ. մայրաքաղաքի Խորենացի փողոցի ու Սարի թաղի և բազմաթիվ այլ դեպքերում, այս անգամ նույնպես բռնություններն ընդդեմ լրագրողների հիմնականում եղել են թիրախավորված։ Գրեթե բոլոր հարձակումներն իրականացրել են ոստիկանները, այդ թվում նաև բարձրաստիճան՝ իրենց լիազորությունների չարաշահմամբ, ինչպես նաեւ նրանց աջակցությունը վայելող քաղաքացիական հագուստով անձինք։ Ցուցարարները խոչընդոտել կամ ճնշում են գործադրել երկու դեպքում։ Տարբեր ԶԼՄ-ների ևս 9 աշխատակից տուժել է հատուկ միջոցների կիրառման, առաջացած հրմշտոցների և ուժայինների շփոթմունքների հետևանքով։
Հեղափոխությունից հետո ստեղծված քաղաքական նոր պայմաններում իրավապահ մարմինները նկատելի ակտիվություն ցուցաբերեցին լրագրողների ու օպերատորների նկատմամբ բռնությունների դեպքերին արձագանքելու և մեղավորներին հայտնաբերելու գործում։ Սակայն այդ ակտիվությունն աստիճանաբար նվազեց։ Հունիսի 30-ի դրությամբ 11 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5-ում մեղադրանքներ են առաջադրվել, սակայն 3 գործ է ուղարկվել դատարան, որոնցից առայժմ 1-ի վերաբերյալ է դատավճիռ կայացվել, իսկ միայն մեկը՝ վարույթ ընդունվել։
Ի գիտություն ընդունելով պաշտոնական աղբյուրներից վերցրած այս տվյալները՝ ԽԱՊԿ-ը նշում է, որ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունները համարժեք չեն լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների և ճնշումների ծավալին։
ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների իրավունքների խախտումներ տեղի են ունեցել նաև հետհեղափոխական շրջանում։ Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 19, տարատեսակ ճնշումների 23, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 12 փաստ։ Ստորեւ՝ 2017 եւ 2018 թվականներին լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների համեմատական տվյալները՝ աղյուսակով։