Մասնագետը չմերժի ընդգրկվել ընդդիմադիր ուժի ապագա կառավարության կազմում, իսկ իշխող ուժին չի մերժի. «Ելք»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկը, ըստ որի ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց ապագա կառավարության մասը, բազմաթիվ հարցեր առաջացրեց պատգամավորների շրջանում:
Մասնավորապես, այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով աշխատանքային խմբի նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եթե կուսակցությունը ընտրություններում հաղթելուց հետո կառավարություն ձևավորելիս որոշի փոխել իր մի քանի նախարարներին, որոնց ներկայացրել էր նախընտրական շրջանում, արդյոք հասարակության մոտ հարց չի առաջանա, որ կուսակցությունն իրեն խաբել է, սկզբում ներկայացրել մեկ նախարարի, հետո նշանակել մեկ ուրիշին:
«Ելք» դաշինքը ներկայացնող Գեորգի Դոխոյանն էլ նկատեց, որ եթե ասենք ընդդիմադիր քաղաքական ուժը որևէ մասնագետի առաջարկում է ընդգրկվել իր ապագա կառավարության կազմում, շատ դեպքերում տվյալ մասնագետը կմերժի, իսկ իշխող ուժի նմանատիպ առաջարկը չի մերժի:
Ի պատասխան Խոսրով Հարությունյանն ասաց. «Այո, ցավոք մարդիկ ուզում են ընդգրկվել այն կուսակցության կազմում, որի հաջողությունն ակնհայտ է: Բայց եթե մասնագետը համարի, որ ձեր կուսակցության թեզերն իր գաղափարներին համահունչ են, ինքը կդառա ձեր կուսակցության համակիրը, անկախ նրանից՝ ձեր կուսակցությունը իշխանության կգա, թե ոչ: Բացի այդ, եթե դուք ներկայանում եք որևէ քաղաքական ուժի ասենք ապագա ֆինանսների նախարար, ձեր վարկանիշն աճում է, քան եթե չընդգրկվեք այնտեղ: Այս համակարգը քաղաքական գործիչներ ձևավորելու դարբնոց է դառնալու»:
Նա նաև հավելեց, որ իր առաջարկն ունի հավելյալ «էֆեկտներ», որոնցից մեկը թույլ կտա քաղաքական գործընթացներին ավելի շատ մասնակից դարձնել հանրության քաղաքական, քաղաքացիական, հոգևոր և այլ հատվածների ներուժը, իսկ Հայաստանի քաղաքական համակարգը դարձնել ավելի կանխատեսելի: