Վարչապետի և ՊՆ նախարարի որդիները ծառայում են այնպիսի զորամասում, որ, հնարավոր է, խնդիր կատարեն նաև առաջնագծում. Լևոն Մնացականյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, առհասարակ բոլոր նորակոչիկները, երջանիկ են, որ ծառայում են Արցախում։ Այս մասին այսօր Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«ՀՀ վարչապետի և ՊՆ նախարարի որդիները ֆիզիկապես պատրաստ են, շատ բան չենք կարող ասել, բնականաբար։ Նրանք ծառայում են այնպիսի զորամասում, որ, հնարավոր է, խնդիր կատարեն նաև առաջնագծում, բայց մենք դա չենք բարձրաձայնում և դա նպատակահարմար չենք համարում, քանի որ այդ տեղեկությունը կարող է ավելորդ լարվածություն ստեղծել տվյալ ուղղությամբ: Արցախի նախագահի որդին, իմ որդին, Արշավիր Ղարամյանի որդին ծառայել են Պաշտպանության բանակում։ Այսօր ծառայում են բանակում դատախազի, քաղաքապետների, հրամանատարների որդիներ»,- հայտարարեց Լևոն Մնացականյանն ու վստահեցրեց, որ չենք կարող նշել Արցախում մի դեպք, որ այսինչի որդին չի ծառայել, որովհետև պաշտոնյայի որդի է: