Հաջորդ ուստարվանից դպրոցներում կիրականացվի նոր ծրագիր՝ ԿԳՆ և ԱՆ համատեղ նախաձեռնությամբ
Առողջապահության նախարարությունն ու կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր են հանրակրթական դպրոցներում համատեղ ծրագիր իրականացնել: Այս մասին մեկ անգամ հայտարարվել էր նոր կառավարության գործունեության առաջին օրերին, երբ կառավարության ծրագիրն էր մշակվում:
Նախաձեռնությունն այդ փաստաթղթում արտացոլված չէր: Հետագայում եւս դրա մասին կարծես չի խոսվել: «Կառավարության ծրագիրը հայեցակարգային է եղել, ոչ թե կոնկրետ դետալավորված: Սպասվում է նոր դպրոցական ծրագիր, բայց մյուս տարի»,- Armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երբ խնդրեցինք մանրամասնել գերատեսչությունների համատեղ նախաձեռնությունը: Այսինքն՝ խոսքը վերաբերում է 2019-2020 ուսումնական տարվան:
Իսկ ինչ է իրենից ներկայացնելու այդ ծրագիրը: «Ծրագիրը երբ որ գրվի, կիմանաք՝ ինչ է ներկայացնելու»,- ասաց նա: «Առողջ ապրելակերպի՞ մասին կլինի»,- չնահանջեցինք: «Ամեն ինչի մասին, այո, առողջ ապրելակերպի, վնասակար սովորություններից զերծ մնալու»,- կարճ արձագանքեց նախարարը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ծրագիրը որ դասարաններում կարող է ներդրվել, Արսեն Թորոսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ինչքան ցածր դասարաններում, այնքան լավ, բայց դա մասնագետները պետք է ասեն, ոչ թե ես»: