Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին. Արարատ Միրզոյան
Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառմանը:
«1. Տեղեկացնեմ, որ կնոջս "զբոսանքը ԱՄՆ" եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։
2. Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը։
3. Նախկին տխրահռչակ ոստիկանապետի՝ թերևս է՛լ ավելի տխրահռչակ աշխատակից սույն երիտասարդին կհորդորեի իր քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»‚- գրել է Ա. Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը, մասնավորապես, գրել էր. «Մինչ վերլուծաբանները փորձում են հասկանալ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի իմաստը և այդ այցի հասցրած վնասները տասնյակ տարիներով կառուցած հայ-ամերիկյան հարաբերություններին, պարզվում է՝ իրականում դա առաջին փոխվարչապետի երկրորդ մեղրամիսն էր։
Ի դեպ, արժեր պարզել, թե փոխվարչապետի կնոջ ԱՄՆ զբոսանքը որքան է նստել ՀՀ հարկատուների վրա»: