Մարգար Սեդրակյան՝ մարդ, ում շնորհիվ հայկական կոնյակը գրավեց ողջ աշխարհը
Սեդրակյան Մարգար Սեդրակի (մարտի 31, 1907 թ., Խառակոնիս, Արճակ գավառ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 1, 1973 թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1961 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թ.)։
Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար։ Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է։
Մարգար Սեդրակյանը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, որին զոհ են գնացել ծնողները և ընտանիքի այլ անդամներ։ Նախնական կրթությունը ստացել է մանկատանը։ 1930 թ-ին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։
1927 թ-ից աշխատել է կոնյակի արտադրության բնագավառում։ 1935 թվականից ԽՍՀՄ Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։
1940 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես գլխավոր ինժեներ-տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ին դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1940-ական թթ-ի վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում[1]։
Սեդրակյանը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է հետևյալ կոնյակները.
- «Հոբելյանական» (1937 թ., ԽՍՀՄ-ում առաջին բարձրագույն որակի կոնյակը),
- «Ընտիր» (1939 թ.),
- «Հայաստան» (1940 թ.),
- «Արտաշատ» (1941 թ.),
- «Դվին» (1942 թ.),
- «Երևան» (1947 թ.),
- «Օդեսա» (1948 թ.),
- «Ուկրաինա» (1949 թ.),
- «Արարատ» (1955 թ.),
- «Տոնական» (1957 թ.),
- «40-ամյա» (1957 թ.),
- «Ախթամար» (1967 թ.),
- «Նաիրի» (1967 թ.),
- «50-ամյա» (1967 թ.)
- «Վասպուրական» (1977 թ.)։
1966 թ-ին Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի կոչում»։ 1971 թ-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը՝ պարգևատրելով «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով և Լենինի շքանշանով։ Արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալի։
1975 թ-ին Երևանի կոնյակի գործարանի տարածքում կառուցվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իսկ 100-ամյակի կապակցությամբ 2007 թ-ին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ։
2015 թվականին Երևանի Սայաթ-Նովա 25 հասցեում գտնվող «Արարատ Տրեստ»-ի պատմական շենքի վրա բացվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: