Օսիպյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին (լուսանկարներ)
Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների սերտ հարաբերություններն ու ամենօրյա գործընկերությունը, ինչն սկզբունքային գործոն է արդի հանցավոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարի գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Սագանելիձեն շնորհավորել է Վալերիյ Օսիպյանին նշանակման առթիվ և հավաստել, որ դեսպանությունը միշտ պատրաստակամ է աջակցելու երկու երկրների իրավապահների համագործակցության խորացմանը:
Երկուստեք կարևորվել են փորձի փոխանակման, երկու երկրների տարածքում հետախուզվողների հայտնաբերման, արտահանձնման, օպերատիվ կապի ամրապնդման ոլորտներում առավել արդյունավետ համագործակցելու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: