Դուխով կանգնած ենք Ձեր կողքին. Օսիպյանը՝ Փաշինյանին
Ինչպես արդեն հայտնել ենք‚ հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության վերաբերող հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համակարգի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին: Վարչապետը նաև նշել է‚ որ գլխավոր նպատակը հանրության լավագույն ներուժը համախմբելն է՝ հանրային կյանքը առավել ներառական դարձնելու համար: Իսկ ելույթի ավարտին ծառայության մեջ բոլորին մաղթել է հաջողություն:
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նիստին ներկա գտնվելու, արժեքավոր գնահատականների ու դիտողությունների համար և վստահեցրել, որ ոստիկանությունը կանի ամեն ինչ՝ հանցավորության դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ և հասարակական կարգի պահպանությունը լիակատար դարձնելու համար:
«Ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին»,- ասել է Վալերի Օսիպյանը: