Չի նշանակում, որ գերանդին վերցնելու ենք և հնձենք բոլորին. Փաշինյանը՝ կադրային փոփոխության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 20-ին լրագրողների հետ զրույցում խոսեց կադրային փոփոխությունների մասին:
Նա նշեց, որ իրենց քաղաքականության մեջ և քաղաքականության համար շատ կարևոր է ապահովվել համակարգերի կայունությունը: «Օրինակ ոստիկանությունում մենք դրամատիկ կադրային փոփոխություններ չարեցինք, մենք հարկային և մաքսային համակարգերում հեղափոխություն, քննչական համակարգում հեղափոխական փոփոխություն չարեցինք։
Ինչո՞ւ… որպեսզի ապահովենք համակարգերի կայունությունը, որպեսզի վակում չառաջացնենք, բայց, մեծ հաշվով, Հայաստանում քաղաքական հեղափոխությունը տեղի է ունեցել, ավարտվել է, հաղթել է, բայց կադրային հեղափոխություն դեռևս տեղի չի ունեցել: Եվ ես, երբ որ խոսում էի կադրային քաղաքականության մասին հենց դա նկատի ունեի, արդեն մի անգամ հայտարարել եմ, որ մենք անխուսափելիորեն հանգելու ենք կադրային հեղափոխության էջին:
Կադրային փոփոխություն չի նշանակում, որ գերանդին վերցնելու ենք և հնձենք բոլորին, ովքեր բառիս բուն իմաստով ի վիճակի կլինեն հարմարվել նոր իրողություններին և արդյունավետ գործել նոր իրողությունների և սկզբունքների շրջանակում, կաշխատեն, իսկ նրանք ովքեր չեն տեղավորվի այդ տրամաբանության սահմաներում, ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել իրենց համար, եթե իհարկե քննչական մարմինները նրանց այլ հարցեր չեն ունենա»,– ասաց Փաշինյանը: