Փաշինյանը՝ քրեական հեղինակությունների հետ կապեր ունեցողներին պաշտոն տալու մասին
Վարչապետը այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով քրեական հեղինակությունների հետ կապեր ունեցողներին պաշտոններ տալու մասին հարցին, ասաց.
«Քրեական հեղինակություններ ասելով չգիտեմ ում նկատի ունեք: Կապ կարող է լինել այն, որ մեկը մյուսի հորեղբոր որդին է կամ աներձագը: Ես չեմ բացառում, որ կարող ենք լինել սխալական, բայց ես բացառում եմ, որ մենք կաշկանդված լինենք մեր սխալն ուղղելու ճանապարհին: Էական է՝ մենք այդ մարդուց փող ենք վերցրել նշանակել ենք, կամ մարդիկ լծակ ունեն և իրենց լծակներով մարդկանց նշանակել են տալիս, թե ոչ: Իհարկե, այդպիսի բան չի կարող լինել: Ես շնորհակալ եմ, որ այս հարցում մարդիկ օժանդակում են մեզ: Ես չեմ կարող ասել, որ ամեն նրբություններից տեղյակ եմ, բայց այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Մի բանում համոզված եղեք, որ մենք չենք վարանի մեր սխալներն ուղղելու հարցում»:
ՀՀ վարչապետը նկատեց նաև, որ այսօր ՀՀ-ում մասնագետների պակասի խնդիր կա, հետևաբար, կարող են լինել նշանակումներ, որոնք արվեն գիտակցաբար, որոշակի ինստիտուցիոնալ հիշողությունը մի տեղից մեկ այլ տեղ ներբեռնելու նպատակով: «Այսինքն ես մի քանի դեպք գիտեմ, որ այդ տեղեկությունը միայն տվյալ մարդն է տիրապետում ու նրան ազատել աշխատանքից սխալ կլինի: Դա էլ բխում է տվյալ համակարգի առանձնահատկություններից: Մենք էլ ասում ենք, որ դուք պետք է X ժամանակ աշխատեք համակարգում, որ տեղեկատվությունը փաստաթղթավորվի և փոխանցվի նոր եկող աշխատակիցներին»: