Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 25-ամյակի կապակցությամբ
«Իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ նախարարության հիմնադրման 25-ամյակի առթիվ։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ որպես յուրաքանչյուր անկախ և ինքնիշխան երկրի կարևոր պետական մարմին, հիմնադրվել է մեր ժողովրդի համար բախտորոշ շրջանում՝ ադրբեջանական ագրեսիայի ամենաթեժ ժամանակահատվածում:
Գործելով ռազմական դրության պայմաններում՝ գերատեսչությունն անցել է բարդ ու դժվարություններով լի ճանապարհ` պատվով իրականացնելով իր առջև դրված խնդիրները։
Արտաքին գործերի նախարարությունն ակտիվորեն մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին և 1994 թվականի հրադադարի համաձայնագրի մշակման ու ստորագրման գործին։
Պատերազմական գործողությունների ավարտից հետո նախարարության աշխատակիցները գործուն մասնակցություն են ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ զուգահեռաբար պաշտպանելով հանրապետության շահերը միջազգային հարթակներում, զարգացնելով տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցությունը, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելով աշխարհին և պայքարելով քաղաքական ու լրատվական դաշտում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի դեմ:
Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ունենալով անհրաժեշտ ներուժ, այսուհետ ևս պատշաճ կերպով կիրականացնի իր գործառույթները և արժանվույնս կներկայացնի մեր երկիրն արտաքին ասպարեզում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Արցախի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին հիշարժան հոբելյանի առթիվ:
Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք»,- ասված է ուղերձում։