Արարատյան դաշտը մնացել է առանց ոռոգման ջրի
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը կայացրել է իր առաջին լուրջ որոշումը. նա հրահանգել է դադարեցնել Ախուրյանի ջրամբարից ջրառը: Այս որոշման արդյունքում Արարատյան դաշտի տասնյակ գյուղեր ու հազարավոր գյուղացիական տնտեսություններ արդեն երկրորդ օրն է՝ մնացել են առանց ոռոգման ջրի: Եղանակային ներկա պայմաններում,
երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40 աստիճան, և շատ գյուղացիներ սպասում են ջրի իրենց հերթին դաշտերը ոռոգելու համար, ոռոգման ջրի բացակայությունը կարող իրական ողբերգական արդյունքներ ունենալ: Բայց դա որևէ մեկին, առավել ևս Ինեսա Գաբայանին, շատ քիչ է հետաքրքրում:
Ինեսա Գաբայանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ կոպիտ խոսակցություն է ունեցել «Ջրառ» ՓԲԸ ղեկավար Կարեն Եփրեմյանի հետ, որի ընթացքում Եփրեմյանը լքել է կոմիտեի նախագահի աշխատասենյակը:
Գաբայանը իր ենթակային մեղադրել է Ախուրյանի ջրամբարի պաշարները ոչ արդյունավետ օգտագործելու, ջրամբարից վերցված ջուրը սխալ հաշվառելու և, որպես հետևանք, գումարները չհավաքագրելու մեջ: Տեղեկություններ կան, որ անգամ թուրքական կողմն է Հայաստանի իշխանությանը բողոքել Ախուրյանի ջրամբարից անհամաչափ մեծ քանակությամբ ջուր վերցնելու համար, քանի որ Ախուրյանի ջրամբարը ընդհանուր սեփականություն է:
Ջրային տնտեսության պետական կոմիտեն ամենամեծ եկամտաբերություն ապահովող կառույցն է հատկապես դրա ղեկավարների համար: Մանավանդ որ ոռոգման ջրի ոլորտը դուրս է պետական հսկողությունից։ Այս կոմիտեի և «Ջրառ» ընկերության, և ՋՕՄ-ների համար հայ գյուղացիությունը եկամտի ու բարեկեցության ապահովման միջոց են: Դժվար չէ հաշվել, թե խոսքը ինչպիսի մեծ գումարների մասին է:
Ախուրյանի ջրամբարից վերցված ջուրը ինքնահոս ճանապարհով, գրեթե անծախս հասցվում է գյուղացիությանը, բայց գյուղացիներից գանձվում է 11 դրամ յուրաքանչյուր խորանարդ ջրի համար: Մի շատ պարզ հաշվարկ անենք. Ախուրյանի ջրամբարից Հայաստանը տարեկան վերցնում է 250 մլն խմ ջուր, և դա ստացվում է 2․75 մլրդ դրամ: Ելնելով եղանակային պայմաններից՝ տարեկան 100-120 մլն խմ ջուր էլ վերցվում է Արաքս գետից, որը կազմում է 1-1․2 մլրդ դրամ:
Իհարկե այդ ջրի մի մասը մինչև գյուղացիներին հասցնելը կորում է, այդ գումարի մի մասից աշխատավարձ է վճարվում, օգտագործվում է ընթացիկ ծախսերի համար, բայց միևնույն է, տակը էլի մի քանի միլիոն դոլար փող է մնում, որը տարբեր համամասնությամբ բաժանվում է ջրային տնտեսության տարբեր ղեկավարների միջև: Սրան գումարած նաև պետության կողմից ջրային տնտեսությանը տրվող հավելավճարները, որոնք ևս բաժանվում են այս համակարգի տերերի միջև:
Եվ սա միայն Ախուրյանի ջրամբարի մասով, իսկ Հայաստանում բազմաթիվ նման ջրամբարներ կան, չհաշված Սևանա լճից Հրազդան գետով իրականացվող ջրառը: Մի խոսքով՝ այս համակարգում փող կա, և ամենակարևորը՝ այդ փողը անվերահսկելի է, որովհետև այսպես կոչված ջրօգտագործողների միությունները ոչ պետական, իբրև թե ինքնակառավարվող ընկերություններ են:
Մինչև վերջերս փողի այդ անսպառ աղբյուրի վրա նստած էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դրածո Արսեն Հարությունյանը, որը ոչ մի կապ չուներ այդ համակարգի հետ, որովհետև լինելով Կարապետյանին պատկանող «Էյ Ջի» ընկերության ղեկավարը, զբաղված էր չմատուցված ծառայության դիմաց փող հավաքելով, և նշանակվելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար, դարձյալ նույն բանն էր անում, փող էր հավաքում՝ գյուղացիների վրա ջուր վաճառելով:
Նոր նախագահ Ինեսա Գաբայանը նոր իշխանության ներկայացուցիչն է, ըստ մամուլի տեղեկությունների՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դրածոն: Գաբայանի գործողություններից երևում է, որ նրան չի հետաքրքրում, որ գյուղացիների դաշտերը չորանում են, չի հետաքրքրում, որ մարդիկ կարող են զրկվել եկամտի միակ աղբյուրից:
Ջրամբարի ջուրը արդյունավետ օգտագործելու մեխանիզմ մշակելու փոխարեն նա դադարեցրել է ջրամատակարարումը: Դրանով նա համակարգին մեսիջ է ուղարկում, որ ջրի տերն այլևս ինքն է, և ովքեր ուզում են ջուր ունենալ, պետք է հաշվի նստեն իր հետ, պետք է մուծվեն իրեն: