Բաթումիում զբոսաշրջիկների անվտանգությանը հետևելու է ոստիկանական 125 տեսախցիկ
Ամառվա սեզոնին ընդառաջ, Բաթումում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով, քաղաքային իշխանությունների աջակցությամբ Ներքին գործերի նախարարությունը 114 վայրերում 125 տեսանկարահանող սարքեր է տեղադրել։
Վրաստանի ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ բացի ավտոճանապարհներից, տեսանկարահանող սարքեր են տեղադրվել նաև զբոսաշրջիկների կողմից առավել շատ այցելվող հատվածներում, այդ թվում՝ նաև հին Բաթումում և Բուլվարի հատվածում։ Վրաստանի ՆԳՆ-ն առաջիկայում նախատեսում է քաղաքում տեղադրել ևս 80 տեսախցիկ։
Նախարարությունից հայտնում են, որ նման նախաձեռնության շնորհիվ ոչ միայն կպակասեն ճանապարհատրանսպորտային պատահարները, այլև տեսախցիկները կօգնեն պայքարել հանցագործությունների դեմ, կարճ ժամանակում բացահայտել կատարված հանցանքները։
Ինչ վերաբերում է տուգանքներին, հաղորդվում է, որ տեսախցիկի կողմից արձանագրված խախտման մասին մեքենայի սեփականատիրոջն անմիջապես կտեղեկացվի SMS հաղորդագրությամբ։