Գողություն՝ դրամահավաք դրամարկղից. նրանց ինքնությունը դեռևս հայտնի չէ (տեսանյութ)
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դրամահավաք դրամարկղից հափշտակություն կատարած անձանց ինքնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մայիսի 31-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գործող դրամահավաք դրամարկղը և հափշտակել առկա գումարը:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու տղամարդ մոտենում դրամահավաք դրամարկղին, բացում այն: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: