Համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է. առողջապահության նախարար
«Մանկական մահացությունը թե՛ մինչև 1, թե՛ մինչև 5 տարեկանի դեպքում աստիճանաբար իջնում է և շարունակում է իջնել: 2017 թվականին մենք ունեցել ենք 308 մահվան դեպք մինչև1 տարեկան երեխաների դեպքում և 350 մահվան դեպք՝ մինչև 5 տարեկան երեխաների դեպքում»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով, ըստ կիսամյակային տվյալների, այդ ցուցանիշը գնալով բարելավվում է: «Մանկական և մայրական մահացությունը ընդհանրապես երկրի առողջապահական համակարգի ամենակարևոր ցուցիչներից է, և միշտ մեր ուշադրության կենտրոնում է. ուսումնասիրում ենք ցանկացած նման դեպք, պարզապես չեմ ուզում հատուկ ասել, բայց եթե 300-ը բաժանենք 365 օրվա վրա, ինչքան էլ որ ցավալի է, համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է, դրանք հիմնականում, մասնագետների կարծիքով, այն դեպքերն են, որոնք ոչ մի կերպ հնարավոր չի լինում փրկել»,- ասաց նախարարը: