5 մլրդ դրամի խախտումից վերականգնվել է 1,1 մլրդ-ը. Փաշինյանը հարցրեց՝ «Բա մնացա՞ծը»
Կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ին, իր նիստում հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2017-ին, ընդհանուր առմամբ, 44 ստուգում է իրականացվել, որոնք եղել են և ծրագրավորված ստուգումները, և իրավապահների պահանջով իրականացված, նաև վարչապետի հանձնարարականով իրականացված ստուգումները: Արձանագրվել է 4 մլրդ 978 մլն դրամի խախտում, որից վերականգնվել է 1 մլրդ 109 մլն դրամ:
Վարչապետի հարցին, թե մնացածն ինչո՞ւ չի վերականգնվել, ֆինանսների նախարարը պատասխանեց. «Ամեն մեկն իր ճակատագիրն ունի: Կարևոր է, թե ինչ բովանդակություն են ունենում և ինչից են ծագում այդ խախտումները: վերահսկողություն իրականացնող մարմինն արձանագրում է այն, ինչ տեսնում է, բայց այդ խախտումները երբեմն թաքնված են ոչ թե կատարման մեջ, այլ այն կարգավորումների մեջ, որով այդ կատարումն արվել է: Այսինքն ակնկալել, որ եթե մի գումար արձանագրվել է, այդ ամբողջը կվերականգնվի, տեղին չի կարող լինել: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք չէին էլ կարող վերականգնվել: Այդպիսի բաներ կա այս պատմության մեջ: Պետք է այնպես անել, որ երկակի մեկնաբանության տեղ չլինի: Յուրաքանչյուր կարգավորում, անգամ վատ կարգավորում պետք է պահել, ոչ թե կատարել խախտմամբ»:
ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ: