Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա, եթե Նիկոլ Փաշինյանը հորդորի
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից, սակայն եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հորդորի հրաժարական տալ, առանց հապաղելու դիմումը կգրի: Այս մասին Բալասանյանը հայտարարել է այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում:
«Ես որևէ խնդիր չունեմ, երբ իշխանությունը չուզեց, չեմ աշխատի, հասարակությունը չուզեց, չեմ աշխատի: Ես էնքան գործ ունեմ անելու, էնքանից շատ որևէ խնդիր չունեմ»,-ասաց նա:
Հարցին, եթե Նիկոլ Փաշինյանը Ձեզ էլ հորդորի, ինչպես հորդորեց Տարոն Մարգարյանին, հրաժարական կտա՞ք, Բալասանյանն արձագանքեց. «Որևէ պահ չեմ սպասի, նույն պահին հրաժարականի դիմումը կգրեմ»:
Երբ լրագրողը հարցրեց՝ իսկ եթե ժողովուրդը խնդրի մնալ, ում հորդորն իր համար հիմք կլինի, քաղաքապետը պատասխանեց. «Դե, դա արդեն ուրիշ խնդիր է... ժողովրդի կամքն է ավելի կարևոր»: