Եթե «Ելք»-ը միասնական չլինի Երևանի ընտրություններում, «Լուսավոր Հայաստանն» առանձին մասնակցելու է. Մարուքյան
Պետք է սպասել, որ կառավարությունը կրճատի Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը. Մինչ այդ կլինեն քննարկումներ և որոշում կլինի, թե ինչպես կմասնակցենք արտահերթ ընտրություններին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա նկատեց, որ տարբերակները շատ են, «Ելք»-ը կարող է գնալ և միասնական դաշինքով, և առանձին-առանձին. «Երկու պարագայում էլ ես հնարավորություններ տեսնում եմ: Կլինի որոշում, կտեղեկացնենք»:
Նա ասաց, որ իր համար նախընտրելի է, որ «Ելք»-ը դաշինքով մասնակցի ավագանու ընտրություններին, որ ֆորմատը պահպանվի: «Դա բոլորիցս է կախված, բոլորով պետք է գանք կոնսենսուսի և որոշում կայացնենք»:
Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ եթե դաշինքով չմասնակցեն, ապա «Լուսավոր Հայաստանն» անպայման առանձին կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. «Բնականաբար ապագա համագործակցության տեսլականով: մոտակա շաբաթվա ընթացքում կլինի քննարկումը և կլինի որոշումը»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնից հրաժարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով, Մարուքյանը պատասխանեց, որ հրաժարականից հետո Փաշինյանի հետ չի հանդիպել և տեղյակ չէ. «Քանի որ հրապարակային նման հորդոր չկա, ես ոչինչ չեմ կարող ասել»: