Մարուքյանը դեմ է միլիարդատերերի եւ քաղաքական գործիչների մրցակցությանը
Գործող ընտրակարգը, որը նախատեսում է տարածքային ցուցակներով ընտրություն, հանգեցրեց նրան, որ տարածքներում մրցակցություն էր գնում միլիարդատերերի և քաղաքական գործիչների միջեւ, դրա արդյունքում քաղաքական գործիչները հայտնվել էին ծանր իրավիճակում:
Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Շատ դժվար էր այդ պայմաններում քաղաքական խոսք տեղ հասցնել և գաղափարների պայքար տեղի չէր ունենում: Հիմա կառավարությունն առաջարկում է անցնել այն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, որի մասին ընդդիմությունը միշտ խոսել է: Երբ ասվում է փակ ցուցակ, դա, բնականաբար փակ չէ: Դա ցուցակ է, որը կազմում է քաղաքական ուժը, որը ներքին քննարկումների ժամանակ պետք է այնպես անի, որ մարզային ներկայացվածություն ունենա: Եթե մարզերից մարդիկ չի ներգրավում, այդ մարզերից ձայներ չի ստանա: Այսինքն վտանգը, որ կունենանք երեւանցիների խորհրդարան, այդ վտանգը կա նաև կուսակցության ներսում»,-ասաց Մարուքյանը:
Ինչ վերաբերում ՝ ՀՅԴ առաջարկին, ընտրությունների գնալ բաց ցուցակներով, երբ ընտրողը կարող է կուսակցությանն ընտրելուց բացի ընտրել նաև այդ կուսակցությունից իր նախընտրած անձին, Մարուքյանը նշեց, որ դա եւս լավ տարբերակ է, քանի որ խոսքը թեկնածուների ռեյտինգավորման մասին է հանրապետության տարածքով մեկ: «Մենք կարող ենք բոլոր տարբերակները քննարկել, բայց այսօրվա գործող ընտրակարգը վատն է»: