Արմեն Ռուստամյանը՝ տարածքային ընտրակարգի մասին
«Մեր առաջարկած մոդելը բաց համամասնականն է և, կարծում եմ՝ այս փուլում կարելի է համեմատություն կատարել՝ համեմատելով հրապարակի վրա եղած առաջարկները, որովհետև, այո՛, ոչ մի ընտրակարգ էլ իդեալական չի, և ամեն մի մոդել իր խոցելի տեղերն ունի»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա՝ բոլոր մոդելների խնդիրն է, թե ինչպես են բաշխվում մանդատները կուսակցությունների ներսում, և այդ առումով իրենց մոդելի ամենամեծ առավելությունն այն է, որ ժողովուրդն է ասում, որ ստանա մանդատ. «Մենք այսօր խնդիր ունենք նաև կուսակցությունների ներսում ժողովրդավարությունը զարգացնելու, որը լուծելու ամենալավ ձևը ժողովրդի մասնակցությունն է»։
Ա. Ռուստամյանի խոսքով՝ տարածքայինի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մեկը կարող է այնքան ձայն ստանալ, որ լոկոմոտիվի նման իր հետևից տանի ևս երկուսին, որոնք 1-2 ձայն են ստացել, որոնց ժողովուրդն ընդհանրապես չի տեսել. «Արդար չի»։
Նա նշեց, որ ընտրության ժամանակ կուսակցության իրական վարկանիշը պետք է երևա, պետք է ձևավորվի քաղաքական դաշտ, որ ամեն կուսակցություն իր կայուն էլեկտորատն ունենա, և ընտրողը ծրագրային, գաղափարական ընտրություն կատարի։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ընդդիմությունը միշտ պայքարել է, որ լինի համամասնական ընտրակարգ, բայց ԸՕ-ով բերվեց մի տարատեսակ, որը մեզ վատ տեղ տարավ, որ քաղաքական ուժերը չէին մրցակցում գաղափարներով։ Այսօրվա կառավարությունը, ըստ նրա, առաջարկում է անցնել այն 100% համամասնականին, որի մասին ընդդիմությունը միշտ խոսել է։ Է.Մարուքյանի խոսքով՝ եթե կուսակցությունն իր ցուցակում մարզային ներկայացուցիչների չընդգրկի, այդ մարզերից ձայն չի ստանա։ ՀՅԴ առաջարկության՝ բաց ռեյտինգային ընտրակարգի մասին Է.Մարուքյանը նշեց, որ դա էլ է լավ տարբերակ և կարելի է քննարկել։