Հրաժարական կտա՞ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը
Հայկական ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ, պատասխանելով տրվող հարցերին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անկախ հասարակական կազմակերպություն է, բայց տրամաբանությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են, և ես հուսով եմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում հենց այս տրամաբանությամբ կգործի: Որքանով տեղյակ եմ՝ առաջիկայում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ պետք է տեղի ունենան: Հույս ունեմ, որ այդ ընտրությունները տրամաբանական լուծումների կհանգեցնեն»,- ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ առկա միտումները հուշում են, որ հայկական ֆուտբոլում փոփոխություններ պետք է տեղի ունենան, և այդ փոփոխությունները տրամաբանական են:
Նշենք, որ տևական ժամանակ է ինչ մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական կտա նախագահի պաշտոնից:
Փաշինյանի արած հայտարարությունը և շրջանառվող լուրերը զուգադիպում են և շատ հավանական է, որ վաղը կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացայի գործկոմի հերթական նիստին Ռուբեն Հայրապետյանը կհայտարարի պաշտոնը թողնելու մասին: